Buscar

ԽԱՂԱՅԻՆ ՊԼԱՆ

ԻՆՉՊԵՍ ԿԱՌՈՒՑԵԼ ԽԱՂԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ​

Ես ֆուտբոլում ֆունդամենտալիստ չեմ։ Մարդիկ ինձ հարցնում են. ո՞րն է քո խաղային մոդելը։ Եվ ես նրանց ասում եմ. Ինչի՞ մոդելը, խաղային մոդելը ո՞ւմ դեմ խաղալիս, ե՞րբ, ի՞նչ խաղացողներով։ Իմ խաղային մոդելը մրցակցի թույլ և ուժեղ կողմերը գտնելն է։ Ծրագիրը պետք է ճկուն լինի, և երբեք սկզբից մինչև վերջ նույնը չի մնում։ Դա նման է իմ տանը, եթե դուռը դուրս չի գալիս, փոխում եմ այն, պատուհանները դուրս չեն գալիս՝ փոխում եմ։ Օրինակ՝ Լիվերպուլը ցանկանում էր, որ Սուարեսն ու Ստերլինգը գնդակն ընդունեին պաշտպանների մեջքի հետևը, իսկ Ստիվեն Ջերարդը խաղում էր պաշտպանության գծի առջևում։ Այնպես որ ես դրեցի Լեմպարդին հսկելու Ջերարդին։ Կատարեցի փոփոխություն, հաղթեցի, բայց ինձ քննադատեցին։ Այնպես որ ես հիմար եմ։ Ես ֆունդամենտալիստ չեմ։ Որոշ մարդիկ ֆուտբոլում ավելի ու ավելի ֆունդամենտալիստ են դառնում։

 Հարցազրույց Ժոզե Մոուրինյոյի հետ: The Telegraph, 2014

Ամենամեծ սխալներից մեկը, որ բոլոր մարզիչները կատարում են մարզումը սկսելուց առաջ դա այն է, որ նույնիսկ մարզման բովանդակությունը չեն ընտրում։ Իրականում քիչ ենք մտածում բովանդակության մասին։ Պարզապես կրկնօրինակում ենք  այն առաջադրանքները, որոնք հիշում ենք կամ մեզ դուր են եկել ֆուտբոլիստ եղած ժամանակ։ Եթե մենք սխալվենք մարզման բովանդակության ընտրության հարցում, անկախ նրանից, թե որքան լավ անցնի մարզումը կամ որքան էլ որ լավ աշխատեն ֆուտբոլիստները, միևնույն է մենք սխալված կլինենք։ Պարզապես չենք մարզի այն, ինչ անհրաժեշտ է։

Մարզումային բովանդակության ընտրությունը մարզումային ծրագրի ամենակարևոր մասն է։ Բովանդակության ընտրությունը գալիս է խաղային մոդելից։ Թե ի՞նչ բովանդակություն կընտրենք կախված է նրանից, թե մարզում ենք կազմավորման փուլում գտնվող թիմ, թե պրոֆեսիոնալ թիմ։ Այն ինչ պետք է ֆուտբոլիստները սովորեն իրենց ձևավորման փուլում կախված է իրենց տարիքից և խաղային մակարդակից։ Այս փուլում առաջնությունը քիչ կամ ընդհանրապես կապ պետք է չունենա բովանդակության ընտրության հետ։ Մինչդեռ պրոֆեսիոնալ թիմերը առաջին հերթին պետք է վերլուծեն մրցակիցներին, որպեսզի հետո միայն կազմակերպեն խաղային համակարգը նրանց հաղթելու համար։

ԽԱՂԱՅԻՆ ՄՈԴԵԼԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Խաղային մոդելը խաղային համակարգերի, ինչպես նաև տեխնիկա-տակտիկական սկզբունքների, ֆիզիկական և հոգեբանական գործոնների համադրությունն է, որն անհրաժեշտ է խաղային տարբեր ֆազաների խնդիրները լուծելու համար։ Այս մոդելը եզակի և հատուկ է մեր կողմից դրված ինստիտուցիոնալ նպատակին հասնելու համար, և դրա կառուցումը կախված կլինի մեր իրականացրած իրավիճակի նախնական վերլուծությունից: 

Խաղի մոդելի առաջին տարբերակը պետք է պատրաստ լինի նախապատրաստական շրջանի ավարտին: Մրցաշրջանի ընթացքում կավելացնենք որոշակի ձևափոխումներ, որոնք կլրացնեն նախապատրաստական շրջանում սովորած հիմքերը։ Խաղային մոդելը ճկում գործիք է, որը մեր կարիքներից կախված կարող է ենթարկվել փոփոխությունների ամբողջ մրցաշրջանի ընթացքում։

ԽԱՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

         Խաղային համակարգը անհատական և կոլեկտիվ նորմերի համադրությունն է, որը կարգավորում է թիմի գործողությունները՝ նպատակ ունենալով ունենալ առավելագույն արդյունք։ Խաղային համակարգը բնական չէ, փաստորեն եթե դիտարկենք երեխաների առաջին քայլերը կոլեկտիվ խաղի տեսակետից, ապա կտեսնենք խաղային համակարգի լիակատար բացակայություն։

         Երբ անցում է կատարվում դեպի մեծ մրցակցություն, թիմերը սկսում են  իրենց խաղային կառուցվածքում նշանակալի բարելավումներ կատարել։ Բարձր մակարդակի մրցաշարերը ուսումնասիրելիս կնկատենք, որ խաղացողները հիանալի են զբաղեցնում տարածությունները, հաղորդակցությունը ֆուտբոլիստների միջև ավելի անմիջական և հաճախակի է լինում և մեկ խաղացողը կարող է ունենալ մի քանի պարտականություններ:

Խաղային համակարգի  բնութագիրը

         Խաղային համակարգը պատշաճ զարգացնելու համար, որոնք կազմում ենք մեր խաղային մոդելը, պետք է հաշվի առնել երեք հիմնական գործոններ։

  1. Նախևառաջ պետք է ունենալ տարածության տրամաբանական ձևակերպում։ Պետք է խաղացողներին լայնությամբ և խորությամբ դասավորել այնպես, որ պարտականությունները դաշտի հատվածներում բաժխվեն խաղացողների միջև։
  2. Երկրորդ հերթին մեր խաղային համակարգը միշտ պետք է հարմարեցված լինի մրցակցի խաղային համակարգին։ Սա ամենևին չի նշանակում նախաձեռնությունը զիջել, այլ ընդհակառակը։ Առանց կորցնելու մեր խաղային ոճը, ֆուտբոլիստները պետք է պատրաստ լինեն մրցակցի ցանկացած գործողությանը։
  3. Երրորդ և վերջինը, խաղային համակարգերը պետք է փոփոխության ենթարկվեն մարտավարական գործոների պատճառով, ինչպիսիք են օրինակ առաջնության տեսակը կամ որևէ կարևոր ֆուտբոլիստի բացակայությունը։ Երկու հնարավոր լուծումներից մեկը սահմանված համակարգի որոշակի ձևափոխումն է, իսկ մյուսը մշակել նախորդ տարբերակներից մեկը ըստ անհրաժեշտության։

         Խաղային համակարգ չունեցող թիմերում խաղացողներն անում են այն, ինչ գիտեն։ Անկախ անկազմակերպ վիճակից, ամեն մի խաղացողի որակը անփոխարինելի է, կա այն ինչ կա։ Փոխարենը, երբ հստակ գոյություն ունի խաղային համակարգ, ապա ավելի հեշտ է ունենալ ունիվերսալ խաղացողներ, բավական է միայն ցուցումներ տալ որևէ պարտականություն կատարելու համար։

Խաղի ֆազաները

         Ընդհանուր առմամբ խաղային փուլերը (ֆազաները) բաժանում ենք չորս մասի. հարձակում, պաշտպանություն, անցում հարձակումից պաշտպանության  և անցում պաշտպանությունից հարձակման (անցում հակագրոհի) ։

Հարձակում

Կազմակերպված հարձակում

Պաշտպանություն

Կազմակերպված պաշտպանություն

Անցում հարձակումից պաշտպանության

Անկազմակերպ (չբալանսավորված) պաշտպանություն

Անցում պաշտպանությունից հարձակում

Անկազմակերպ հարձակում

 

ԽԱՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

         Խաղի համակարգ ստեղծելու համար մենք ստիպված կլինենք պատասխանել հետևյալ հարցերին: Նրանցից յուրաքանչյուրի պատասխանը կլինի “այն ինչ պետք է մարզենք” հարցի պատասխանը, այսինքն՝ մարզման բովանդակությունը։

  • Ինչպե՞ս դասավորենք խաղացողներին։
  • Ի՞նչ անձնական հրահանգներ պետք է տանք նրանց։
  • Ինչպե՞ս պետք է համագործակցենք մրցակցի թվային առավելություն ստանալու դեպքում, երբ մեկը մեկի դեմ մնալը բավարար չէ։
  • Կատարե՞նք արդյոք որևէ փոփոխություն մարտավարական գործոններից ելնելով։

         Այսօր հարձակվողական խաղի կարևորագույն գործոններից է արագությունը։ Այն թիմը, որը ավելի արագ է խաղում քան իր մրցակիցը, հաղթելու ավելի շատ հնարավորություններ կունենա։ Սակյան արագ խաղալ կարողանալու համար կա մի առանցքային բառ՝ կանխատեսում։

Կանխատեսում բառի հականիշը անձագանքն է։ Արձագանքում ենք, երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում և կայացնում ենք որոշում տեղի ունենալուց հետո։ Իսկ կանխատեսման համար, որոշումը կայացնում ենք գործողությունը տեղի ունենալուց առաջ, քանի որ գիտենք, թե ինչ է տեղի ունենալու։   

Խաղի մեջ կան անորոշության երկու հիմնական աղբյուր. Այն ինչ անում են մրցակիցները և այն ինչ անում են իմ խաղընկերները։ Երբ մենք ունենք սահմանված խաղային լավ համակարգեր, խաղացողներին կարող ենք կենտրոնանալ մրցակցի գործողությունների վրա, քանի որ այն ինչ մենք անում ենք արդեն գործնականում որոշված է։  

Սա չի նշանակում, որ համակարգերը սկզբից մինչև վերջ պետք է խստագույնս պահպանվեն, սակայն եթե ուզում ենք արագ խաղալ, կանխատեսենք և ֆուտբոլիստները “անգիր” խաղան, նրանց օգնելու լավագույն միջոցը սահմանելն ու բացատրելն է, թե ինչպես պետք է վարվեք որպես թիմ: Սա խաղային համակարգ է։

ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

  1. Ինչպե՞ս են դասավորվում ֆուտբոլիստները

Պաշտպանողական խաղային համակարգում ֆուտբոլիստների դասավորվածության համար բավարար չէ միայն խաղադաշտում զբաղեցրած սկզբնական դիրքերը նշանակելը (1-4-4-2; 1-4-3-3; 1-4-2-3-1). Որպես մարզիչներ, մենք պարտավոր ենք կողմնորոշել և հեշտացնել խաղացողի գործողությունը՝ մատնացույց անելով խաղի ընթացքում նրանց դիրքի փոփոխության տարբերակները կախված՝

  • Գնդակի դիրքից
  • Մրցակիցների դաշտում զբաղեցրած դիրքերից
  • Խաղընկերների զբաղեցրած դիրքերից 
  1. Անհատական հրահանգներ

Այն պահից սկսած, երբ գնդակը մտնում է խաղի մեջ, ֆուտբոլիստների դիրքերը սկսում են վերակարգավորվել՝ զբաղեցնելով առավել արդյունավետ դիրք։ Հարձակվող թիմի խաղացողների միջև գնդակի ամեն մի տեղաշարժման ժամանակ պաշտպանվող թիմի խաղացողները կատարում են համապատասխան տեղաշարժեր։ Որպեսզի խաղացողներին օգնենք պաշտպանության ժամանակ ճիշտ կողմնորոշվեն պետք է բացարձակապես հստակեցնենք, թե որ իրավիճակում ինչ պետք է անել։

  1. Երբ պաշտպանվում ենք գնդակը տիրող մրցակցի դեմ։ Հիմնականում կախված է՝
    1. ա. Դաշտի ո՞ր հատվածում ենք գտնվում
    2. բ.  Որո՞նք են գնդակը տիրող հարձակվողի հնարավոր գործողությունները։
  2. Երբ պաշտպանվում ենք մրցակցի դեմ, որը չի տիրում գնդակին։ Հիմնականում կախված է՝
    1. ա. Դաշտի ո՞ր հատվածում ենք գտնվում
    2. բ. Ի՞նչ հեռավորության վրա է գտնվում գնդակը

3.Կոլեկտիվ հրահանգներ

Կարևոր է ձևավորել պաշտպանողական ակտիվ մոդել, ոչ ռեակտիվ, որտեղ ֆուտբոլիստները ընդունակ կլինեն կանխատեսել գործողությունը։ Կոլեկտիվ հրահանգները նախատեսված կլինեն թիմին հասկացնել, թե ինչ է պետք անել երկու իրավիճակում.

  • Երբ մրցակիցը առավել է 1v1 պայքարում։ Այս դեպքում պետք է ստեղծենք աջակցելու արդյունավետ համակարգ, եթե մրցակիցը գնդակով անցնի մեր պաշտպանին։
  • Երբ մրցակցի ֆուտբոլիստները փորձեն ստեղծել իրավիճակներ, որտեղ կարող են ունենալ թվային առավելություն մեզ գերազանցելու համար։ Այս պարագայում մենք պետք է մեր խաղացողներին պարզ դարձնենք, թե ինչպես նրանք պետք է համագործակցեն հակառակորդ թիմին դիմակայելու համար:
  1. Ընտրված համակարգի ձևափոխումը ըստ որոշակի մարտավարական իրավիճակների

Անհրաժեշտ է ստեղծել մի քանի պաշտպանական համակարգ կամ հիմնական համակարգի որոշ տարբերակներ հատուկ իրավիճակներին դիմակայելու համար, ինչպիսիք են.

  • Մրցակցի թվային առավելության ժամանակ՝ հեռացված կամ վնասվածք ստացած խաղացողի պատճառով։
  • Խաղի առանձնահատուկ պահին, երբ հաշվից ելնելով առավել ռիսկի անհրաժեշտության կամ ավելի ագրեսիվ պաշտպանություն իրականացնելու կարիք կա։

ՀԱՐՁԱԿՎՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

  1. Ինչպե՞ս են դասավորված խաղացողները

         Շատ հետաքրքրական է դիտարկել, թե ինչպես են շատ մարզիչներ պարզապես սահմանում խաղացողների դիրքերը և հետո մնացածը թողնում են “ստեղծագործության” վրա։ Այնպես չէ, որ այդպես չի կարող լինել, իրականում, մենք կարող ենք սկզբունքորեն ազդել, թե ինչպես ենք մենք ուզում սկսել, և ինչպես ենք ուզում զարգացնել իրավիճակները, բայց մենք չենք կարող կանխատեսել, թե ինչպես կարձագանքի հակառակորդի պաշտպանությունը և, հետևաբար, ինչպիսին պետք է լինեն հարձակողական գործողությունները:   

Կրկին ստիպված կլինենք կազմակերպել խաղացողների դասավորումը լայնությամբ և խորությամբ՝ տարածությունը առավելագույնը օգտագործելու համար, որպեսզի հնարավորինս մեծացնենք մրցակցի պաշտպանների հեռավորությունը։ Նույն կերպ կարևոր է, որ հարձակվողները իմանան, թե ո՞ր պաշտպանն է տեսականորեն հսկելու իրենց։

  1. Անհատական հրահանգներ

Գրոհի արագությունը մեծացնելու համար էական նշանակություն ունի օգնել խաղացողներին որոշում կայացնել մինչև գործելը, որպեսզի կանխատեսել պաշտպանի պատասխան գործողությունը։ Այդ առումով պետք է հստակեցնել երկու հետևյալ կարևոր գործոնները, որպեսզի խաղացողները իմանան, թե ինչ պետք է անեն. 

  • Արդյոք նրանք են տիրում գնդակին, թե ոչ
  • Դաշտի ո՞ր հատվածում են գտնվում

Մեկ այլ կարևոր գործոն է հանդիսանում խաղացողներին սովորեցնել վերադասավորվել գործողությունից անմիջապես հետո, թիմի դիրքային հավասարակշռությունը պահպանելու և տարածության մեջ ճիշտ դասավորվելու համար։

  1. Կոլեկտիվ հրահանգներ

Այն դեպքերում, երբ 1×1 բավարար չէ մրցակցին անցնելու համար, ապա անհրաժեշտ է համագործակցել խաղընկերների հետ։ Պետք է հստակեցնել համագործակցության հիմնական ձևերը, ինչպես նաև, թե որտե՞ղ և ե՞րբ մենք կօգտագործենք դրանք: Այս առումով կարևոր է, որ մարզիչը տիրապետի հարձակվողական տեխնիկա-տակտիկական մարտավարական սկզբունքներին ՝ խաղացողներին լուծումներ տրամադրելու համար: 

  1. Ընտրված համակարգի ձևափոխումը ըստ մարտավարական իրավիճակներ

Պաշտպանողական համակարգի նման կարևոր է ունենալ իրադրաձությունների կանխատեսումը, որոնք կարող են տեղի ունենալ խաղի վերջին րոպեներին, երբ անհրաժեշտ է ռիսկի գնալ կամ եթե ստիպված ենք խաղն ավարտել քիչ խաղացողներով։

ՓՈՂԿԱՊԱԿՑՎԱԾ ԳՐԱՌՈւՄ